Կոնգրեսն Օբամայից բացատրություն է պահանջում` կապված իրանական երկու բանկերի պատժամիջոցների վերացման հետ
ԱՄՆ Կոնգրեսը նախագահ Օբամայի քարտուղարությունից բացատրություն է պահանջում` կապված իրանական երկու բանկերի պատժամիջոցների վերացման հետ: Այս մասին գրում է Regnum.ru-ն` հղում տալով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Իրանական երկու բանկերի` Sepah-ի և Sepah International-ի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել 2007թ.: Այդ ժամանակ ԱՄՆ իշխանությունը ենթադրել էր, որ նշված ֆինանսական կազմակերպությունները կապված են բալիստիկ հրթիռի ստեղծման աշխատանքների հետ:
Այս բանկերը պատժամիջոցներից ազատվել են այն օրը, երբ ԱՄՆ չորս քաղաքացիներ ազատվել են իրանական բանտերից: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ հանրապետական Պոլ Ռայանը սեպտեմբերի 30-ին բացատրություն է պահանջել Օբամայի քարտուղարությունից` պատժամիջոցների վերացման հետ կապված:
Հիշեցնենք, որ հանրապետականները խիստ դժգոհ են, որ Օբամայի քարտուղարությունը զիջումներ է անում Իրանին միջուկային և բալիստիկ զենքերի հարցում: Բացի այդ, ԱՄՆ-ն իր չորս քաղաքացիների համար փրկագին է վճարել 1,7 մլդ դոլար:
«Այս հավելյալ գաղտնի զիջումները անմիջական սպառնալիք են մեր ազգային անվտանգության համար, նաև ստիպում են կասկածել փխրուն համաձայնության վրա: Նախագահ Օբաման պետք է անմիջապես բացատրություն տա ժողովրդին»,- ասել է Ռայանը: