Հայաստանը միջազգային մրցույթում 2 պատվավոր հաղթանակ է գրանցել (լուսանկարներ)
Սեպտեմբերի 15-19-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կայացել է «Sօfia Grand Pri 2016» միջազգային մրցույթը, որին ներկայացել է նաև Հայաստանը: Մեր երկու մասնակիցները միջազգային մրցույթից վերադարձել են 1-ին պատվավոր հորիզոնականները զբաղեցրած: Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնել է «WAPA»-ի նախագահ Արման Ղուկասյանը:
Մրցույթին ամեն տարի մասնակցելու հնարավորություն է ունենում «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ն (WAPA): Այս տարի մրցույթին «WAPA»-ն ներկայացրել է ոչ միայն մասնակիցներին, այլ՝ ժյուրիի 1 անդամ:
Հայաստանը Սոֆիայում ներակայացրել են Վանաձորից` Տաթևիկ Գալստյանը և Գառնիից` Նավասարդ Հակոբյանը:
Հայ մասնակիցները ներկայացել են դասական վոկալի և էստրադային ժանրերում: Նավասարդ Հակոբյանը մրցույթում կատարել է «Կռունկ բարով դառնաս», «Սանտա Լուչիա», իսկ Տաթևիկ Գալստյանը՝ «Նուբար-նուբար» և «Թբիլիսիո» երգերը: Նրանք երկուսն էլ միջազգային մրցույթում առաջին անգամ են ներկայացել, սակայն հաղթանակը չեն զիջել բազմամյա փորձառուներին:
Միջազգային մրցույթում հայ ժյուրին՝ «WAPA»-ի փոխնախագահ Վիգեն Թանաշյանն Operaiv.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Մրցակիցները բոլորը պատրաստված էին: Պետք է նշեմ, որ Ժյուրիի գնահատականներով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը շատ քիչ միավորով էին տարբերվում: Իմ մասնակցությունը որպես ժյուրի, իհարկե, ոգևորեց մեր մասնակիցներին, սակայն, ես՝ հավատարիմ մնալով իմ սկզբունքներին, բոլորին արդարացի եմ գնահատել»:
Մեր թղթակիցը խոսել է նաև մասնակիցների հետ և տեղեկացել նրանց տպավորությունների մասին:
«Տպավորություններս շատ մեծ են, քանի որ ես առաջին անգամ մասնակցեցի միջազգային մրցույթի: Պատասխանատվությունը շատ մեծ էր, քանի որ ես մրցույթում ոչ միայն իմ անունը, այլ՝ երկիրս էի ներկայացնում: Կարծում եմ՝ պատվով ենք վերադարձել՝ 2 առաջին մրցանակ: Ափսոս, որ ժամանակը քիչ էր և չհասցրի երկրի մշակույթին ավելի շատ ծանոթանալ»,-ասաց Նավասարդ Հակոբյանը:
Տաթև Գալստայանը, ով պարուսույց, բազմաթիվ մրցույթների դափնեկիր և միջազգային առաջին կարգի մրցավար է, երգել սկսել է ոչ վաղ տարիքից: «Մրցույթը շատ լավ էր կազմակերպված, ժյուրիի անդամներն անմիջական շփման մեջ էին մեզ հետ: Ես անչափ հուզվում էի՝ չնայած ներքուստ վստահ, որ հաղթելու եմ: Հաղթանակս նվիրում եմ հորս հիշատակին: Այս մրցանակի համար ծնողներից եմ պարտական»,-ասաց Տաթևը:
Նշենք, որ անցյալ տարի ժյուրիի կազմում հայ չի եղել, սակայն հաղթանակը կրկին Հայաստանինն է եղել:
Սոֆիայում կայացած միջազգային մրցույթում «Sօfia Grand Pri-2015-» մրցանակին արժանացել էր դասական երգչուհի Լեոնորան՝ Արևիկ Թանաշյանը, ով Վիգեն Թանաշյանի կինն է:
Operativ.am-ը շնորհավորում է հայ մասնակիցներին և մաղթում նոր հաղթանակներ: