Երևանի օրն այս տարի կնշվի ավելի համեստ ձևաչափով
Մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Միջոցառումներն այս տարի կկազմակերպվեն ավելի համեստ ձևաչափով:
«Երևանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով, միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին, նաև ծրագրում չենք ներառի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթը: Փոխարենը լիարժեք կիրականացվի տոնակատարության սոցիալական բաղադրիչը, որի շրջանակում 2798 ընտանիքների, վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, կտրամադրվեն անակնկալ նվերներ», - նշել է քաղաքապետը:
Ծրագրում նախատեսված է նաև սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների այց: