Միանում ենք հայ համայնքին ամբողջ աշխարհում. Կանադայի վարչապետի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Անկախության օրվա առթիվ
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ:
«Այսօր միանում ենք հայ համայնքին ինչպես այստեղ` Կանադայում, այնպես էլ Հայաստանում և ողջ աշխարհում` տոնելով երկրի Անկախության 25-ամյակը:
Կանադան և Հայաստանի Հանրապետությունը դինամիկ կերպով զարգացող և բարեկամական հարաբերություններ են վայելում` հիմնված ժողովրդավարության և ազատության ընդհանուր արժեքների, երկկողմ հարաբերությունների և միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է Ֆրանկոֆոնիան, մեր համագործակցության վրա:
Անհամբեր սպասում եմ նախագահ Սերժ Սարգսյանի և նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ աշխատելուն և մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային խնդիրների, այդ թվում` անվտանգության և խաղաղության շուրջ, համատեղ աշխատանքին:
Կանադայի կառավարության անունից ես և Սոֆին կոչ ենք անում բոլոր կանադացիներին հիշել մեր ազգային ինքնության հարցում կանադահայերի կարևոր ներդրման մասին և լավագույն մաղթանքներով շնորհավորել բոլորին այսօր»,- նշվում է ուղերձում, որը հրապարակել է «Horizon Weekly»-ն: