Անկախության տոնը Մասիսում կեզրափակվի տոնական համերգով. Դավիթ Համբարձումյան
Այսօր վաղ առավոտից տոնական տրամադրություն է տիրում ՀՀ ամբողջ տարածքում: ՀՀ տարբեր հատվածներում տոնում են Անկախության 25-ամյակը: Մասիսում ևս, վաղ առավոտից, նորընտիր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ մի շարք միջոցառումներ են տեղի ունենում, իսկ քիչ առաջ նաև մատաղ բաժանվեց բնակիչներին:
Քաղաքապետի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայ ժողովուրդը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին վերագտավ ու վերանվաճեց Անկախ պետականությունը` մեր հայրենիքի ու ազգի գոյապահպանության գլխավոր գրավականը: Այսօր արդեն մենք կարող ենք հպարտությամբ նշել, որ դժվարությամբ, պատերազմի ու մաքառումների գնով ձեռք բերված անկախությունն այն ամենակարևորն էր, որ ստացավ մեր երկիրն իր անցած ճանապարհին: Սեպտեմբերի 21-ը նաև ազգային միասնականությունը խորհրդանշող տոն է: Շնորհավորում եմ ևս մեկ անգամ ազատ ու անկախ հայրենիքի տոնը, մաղթում եմ մեր երկրին նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ:
Կեցցե՛ Ազատ ու Անկախ Հայաստանը...»:
Նշենք, որ ժամը 18.00-ից սկսած, Մասիս քաղաքի նորաբաց այգում տեղի կունենա մեծ համերգ` հայկական շոու-բիզնեսի ամենատարբեր աստղերի մասնակցությամբ։