Պուտինի քաղաքականությունը կհանգեցնի նրա համակարգի քայքայմանը. The Washington Post
Տնտեսական լճացումը, ճնշումները և հասարակության պասիվ դիմակայությունը Ռուսաստանին կքայքայեն: Այսպես է եզրակացնում «The Washington Post»-ը:
Պետդումայի ընտրությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բերեցին ցնցող հաղթանակ, իսկ խախտումների և խարդախությունների մասին հաղորդումները, որոնք ռուսների մեծ բողոքի ալիքն էին առաջացրել 2011 թ-ին, ճնշվեցին:
Ըստ թերթի, վերջին 5 տարիներին Կրեմլը կենտրոնացած է եղել, որպեսզի նախորդ խորհրդարանական ընտրություններին հաջորդած խռովություններն այլևս չլինեն:
«Ընդդիմադիր առաջնորդներին սպանեցին, բանտ նստեցրին կամ ստիպեցին փախչել երկրից, իսկ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններին, այդ թվում` նրանց, ովքեր զբաղվում էին ընտրություններին դիտորդական գործունեություն իրականացնելով, խիստ սահմանափակումների տակ մտցրին: Կանոնները փոխվեցին հօգուտ կառավարող կուսակցության, իսկ Կրեմլի պաշտպանության համար ստեղծվեց պրետորական գվարդիա»,-նշվում է հոդվածում:
Վլադիմիր Պուտինը իր գոհունակությունը հայտնեց Պետդումայի ընտրությունների շուրջ և նույնիսկ հայտարարեց, որ ընտրողները դրանով պատասխանել են Ռուսաստանը ներսից ապակայունացնել փորձող ուժերին: Մինչդեռ ընտրություններին մասնակցությունը կազմել էր ռեկորդային ցածր ցուցանիշ` 48 տոկոս: Իրականում դա հաղորդագրություն էր այն մասին, որ ռուսների մեծամասնությունը պասիվ ընդդիմադրի դիրքում է:
«Այս ամենը ոչ մի լավ բան չի հուշում Պուտինի կառուցած ավտորիտար համակարգի երկարաժամկետ ապագայի համար: Ներկայումս ռուսական տնտեսությունը անկում է ապրում, նրան արդեն 3-րդ տարին է, սպառնում է անկումը: Տնտեսական ստագնացիան, պետության կողմից լուրջ ճնշումները և դրանից առաջացած հանրության պասիվ դիմակայությունը երկարատև հեռանկարում համակարգի քայքայման բաղադրատոմսն են»,-գրում է թերթը: