Անկախության շրջանի ճարտարապետությունը` լուսանկարներում
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է Հայաստանի երրորդ հանրապետության քաղաքաշինական ձեռքբերումներին նվիրված լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված են վերջին 25 տարիների ընթացքում ճարտարապետության, քաղաքաշինության բնագավառում մեր ունեցած ձեռքբերումներն ու նվաճումները:
Թանգարանի տնօրեն, ճարտարապետ Անուշ Տեր Մինասյանը շեշտել է, որ ներկայացված ցուցահանդեսը հայ ճարտարապետության մի նոր փուլի՝ Անկախ Հայաստանի քառորդդարյա շրջանի ամփոփումն է, ուր լուսանկարները՝ (շուրջ 112 վահանակ, ինչպես նաև՝ 4 մանրակերտ) փաստում և փաստագրում են ոլորտի զարգացումն ու առաջընթացը՝ խորհրդանշելով հայրենիքի վերածնունդն ու բացահայտելով մեր ճարտարապետների ստեղծագործական մտքի կարողությունները:
Անկախության 25-ամյակի և անցած շրջանում մասնագիտական հաջողությունների առթիվ շնորհավորանքի խոսքեր են ասել նաև ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, ՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյանը, այլք:
Ցուցահանդեսի հանձնակատար, ճարտարապետ Աշոտ Գրիգորյանի տեղեկացմամբ ներկայացված աշխատանքները կներառվեն «Հայաստանի արդի ճարտարապետությունը 1990-2016» խորագիրը կրող գիրք-ալբոմի մեջ: