ԵԱՀԿ-ն հայտարարել է Ռուսաստանի ընտրություններում բազմաթիվ ընտրախախտումների մասին
Սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին մասնակցած ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նշել է, որ բարձրացել է քվեարկության թափանցիկությունն ու կարգավորվածությունը: Սակայն դրա հետ մեկտեղ նկատվել են բազմաթիվ ընթացակարգային խախտումներ ձայների հաշվարկի ժամանակ: Այս մասին գրում է «RBC»-ն:
Նախնական զեկույցում ԵԱՀԿ-ն նշել է, որ քարոզարշավը եղել է զսպված և ուղեկցվել է մի շարք խախտումներով` չնայած բարձր թափանցիկությանը:
«Իշխանության տեղական մարմինների կողմից նկատվել է վարչական ռեսուրսի չարաշահում: Նրանք ոչ միշտ են մրցակիցների հանդեպ անաչառ եղել: Ընտրությունների օրն ընդհանուր առմամբ անցել է կանոններին համապատասխան, սակայն բազմաթիվ ընթացակարգային խախտումներ են նկատվել ձայների հաշվարկի ժամանակ»,- նշվում է ԵԱՀԿ հայտարարությունում:
Հայտարարությունում նշվում է, որ ռուսական նորմատիվ-իրավական բազան ստեղծում է հիմքեր ընտրությունների անցկացման համար, սակայն ընտրական գործընթացը կրել է սահմանափակված քաղաքացիական ազատությունների և քաղաքական իրավունքների բացասական ազդեցությունը, ԶԼՄ-ները հայտնվել են խիստ վերահսկողության ներքո, քաղաքացիական հասարակությունը եղել է ճնշված:
Հայտարարությունը նախնական է: Դրա վերջնական տարբերակը ԵԱՀԿ-ն կհրապարակի ավելի ուշ: