Նյու Յորքի ոստիկանությունը հրապարակել է պայթյունների հնարավոր կազմակերպչի լուսանկարը
Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել է սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում կազմակերպված պայթյունների մեջ կասկածվողի անունը: Նա Նյու Ջերսիի 28-այմա բնակիչ Ահմադ Խան Ռահամն է, ով ունի Ամերիկայի քաղաքացիություն: Այս մասին գրում է «BBC»-ն:
Նյու Յորքի ոստիկանությունը հրապարակել է կասկածյալի լուսանկարը, ով այժմ հետախուզման մեջ է գտնվում: Իշխանությունները նախազգուշացրել են, որ փնտրվողը կարող է զինված և վտանգավոր լինել:
Նշենք, որ Նյու Յորքի Չելսի շրջանում պայթյունի արդյունքում 29 մարդ էր վիրավորվել: Ավելի ուշ գտել էին մեկ այլ ռումբ: Երկուսն էլ պատրաստված են եղել կաթսայում` 2003 թ-ի Բոստոնյան մարաթոնի ահաբեկչության պայթուցիկի նմանությամբ:
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ որպես պայթուցիկներ երկու դեպքում էլ օգտագործել են բջջային հեռախոսները և սուրբծննդյան լուսային զարդերը:
Այսօր հայտնի դարձավ նաև, որ ոստիկանությունը Նյու Ջերսի նահանգի Էլիզաբեթ քաղաքի կայարանում գտել է ուսապարկ` 5 ինքնաշեն պայթուցիկ սարքերով:
Ըստ ոստիկանության՝ Նյու Յորքի և Նյու Ջերսիի պայթուցիկ սարքերը ընդհանուր ծագում ունեն: