ՌԴ Պետդումայի ընտրություններում ռեկորդային ցածր մասնակցություն է գրանցվել
Ըստ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` Պետական դումայի ընտրություններում մասնակցության ցուցանիշը կազմել է 47.81 %: Ամենաքիչ ակտիվությունը նկատվել է Սանկտ Պետերբուրգում, Իրկուտսկի շրջանում և Մոսկվայում: Այս մասին գրում է «BBC»-ն:
Քաղաքագետները նշում են, որ Ռուսաստանի համար մասնակցության նման ցուցանիշը ռեկորդային ցածր է: 2011 թ-ին այդ ցուցանիշը կազմել է 62 տոկոս, իսկ 2007 թ-ին 59 տոկոս:
Քաղաքագետները նման ցածր ցուցանիշի պատճառը համարում են Պետդումայի` ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողության հանդեպ հավատի կորստի նշան: Ընդդիմության ցուցանիշները չեն արտացոլում քննադատական դիրքորոշում ունեցող մարդկանց քանակը:
Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի պրոֆեսոր Վլադիմիր Գելմանը կարծում է, որ իշխանություններին հաջողվել է դեմոբիլիզացիայի քաղաքականություն վարել և քաղաքական գործընթացներից բացառել ակտիվ ընտրողների զգալի մասին:
Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի համարում, որ մասնակցության ցուցանիշը ցածր է:
«Իհարկե, ողջունելի կլիներ ավելի բարձր մասնակցությունը, սակայն ներկայիս ցուցանիշն էլ ցածր չէ: Այն արտացոլում է իրականությունը, բնակչության քաղաքական ակտիվության մասնաբաժինը: Գլխավորը, հավանաբար, արդյունքն է»,- նշել է Պեսկովը: