Քիմ Քարդաշյանը քննադատել և անբարոյական է անվանել «The Wall Street»-ում տեղ գտած Հայոց ցեղասպանությունը հերքող հոդվածը (տեսանյութ և լուսանկար)
Ոչ մեկի համար նորություն ու արտասովոր չէ, որ ամերիկաբնակ հայտնի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը մշտապես անդրադառնում է Հայոց ցեղասպանության թեմային: Այս մասին գրում է Uproxx.com-ը:
Անցյալ տարի Քարդաշյանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խնդրել էր 1915 թվականին Օսմանյան կայսրության գործողությունները հայերի նկատմամբ արտահայտել Ցեղասպանություն բառով:
Շաբաթ օրը «New York Times»-ում տպագրվել է Քիմի հոդվածը, որտեղ նա քննադատել և անբարոյականություն է համարել «Wall Street Journal»-ում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին թուրքամետ հոդվածը: Քարդաշյանի հոդվածը «Հայոց ցեղասպանության ժխտումը անթույլատրելի է» վերնագրով է լույս տեղել:
«Ես ու իմ ընտանիքը լավ գիտենք, թե ինչը կարող է հայտնվել մամուլում, ինչպես կվերնագրվի և ինչպիսի վաճառք կապահովի այդ վերնագիրը: Սովորաբար, մենք դրանց չենք անդրադառնում, սակայն, երբ տեսա, որ «Wall Street Journal»-ում Հայոց ցեղասպանությունը հերքող հոդված է տպագրվել, չկարողացա անտարբեր անցնել: Ես զանգահարեցի խմբագրություն և ասացի, որ անխոհեմ քայլ են արել, և որ դա անբարոյականություն է»,-ասել է Քիմ Քարդաշյանը:
Քիմի խոսքով՝ շատ պատմաբաններ կարծում են, որ 1915 թվականին հայերի ցեղասպանության պատասխանատվությունը թուրքերը պետք է կրեն:
«Մենք պետք այս մասին այնքան խոսենք, մինչև ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Մենք պետք է հիշենք մեր անցյալը, եթե մենք մերժենք այն, կնշանակի, որ վտանգում ենք մեր ապագան»,-ասել է Քիմ Քարդաշյանը: