Ահաբեկիչները Սիրիայում լայնամասշտաբ ռազմական գործողությունների են պատրաստվում. ՌԴ ՊՆ
Սիրիայում զինյալներն օգտագործում են հրադարի ռեժիմը, որպեսզի պատրաստվեն Հալեպի շրջանում մեծամասշտաբ ռազմական գործողությունների: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Օգտվելով կրակի դադարեցման ռեժիմից և նրանից, որ կառավարական զորքերը չեն պատասխանում հնչած կրակոցներին զինյալների կողմից վերահսկվող տարածքներում, ինչպես գիշերը, այնպես էլ ցերեկվա ժամերին կենդանի ուժի և տեխնիկայի ակտիվ շարժ է իրականացվում»,- նշել է Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ զինյալների և զրահատեխնիկայի ու ավտոմեքենաների շարժը մի քանի ուղղություններով տեղի է ունենում ինչպես Հալեպի ներսում՝ արևելյան մասում, այնպես էլ արվարձաններում:
«Նմանատիպ փաստերն ապացուցում են մեր մտահոգությունները՝ ահաբեկիչների կողմից մեծամասշտաբ ռազմական գործողություններին պատրաստվելու մասին»,- նշել է նա: