Մալաթիայի քաղաքապետարանը վերականգնել է հայկական գերեզմանատանը հասցրած կորուստը
Թուրքիայի Մալաթիա քաղաքում գտնվող հայկական գերեզմանատանը կառուցվող պահակակետի և աղոթարանի շինաշխատանքներն ավարտվել են: Քիլթեփե թաղամասում գտնվող հայկական գերեղմանատան վերոնշյալ շինությունները կառուցվել են «Մալաթիայի բարեգործ հայերի» միության պահանջով Մալաթիայի քաղաքապետարանի կողմից:
Հիշեցնենք որ, 2012 թվականի փետրվարի 2-ին Մալաթիայի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից քանդվել էր գերեզմատան պահակակետը և վերջին հրաժեշտի համար նախատեսված աղոթատեղին: Շինությունների քանդմանն արձագանքեցին մի շարք հասարակական կազմակերպություններ, ընդդիմադիր կուսակցություններ, նույնիսկ երկրի վարչապետը:
Այնուհետև Մալաթիայի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանում էին տվել, ըստ որի, հիշյալ շինությունները սխալմամբ են քանդվել:
«Մալաթիայի բարեգործ հայերի» միության նախագահ Խոսրով Քյոլեթավիթօղլուն հայտնել է, որ շինությունը շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա հունիսի 29-ին: