Նախագահը շնորհավորել է «Բարեկամություն» համույթի 25-ամյակը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է «Բարեկամություն» համույթի 25-ամյակի առթիվ: Նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրով շնորհավորում եմ Հայաստանի պարարվեստի ասպարեզի բարձրարվեստ կատարողական կոլեկտիվներից մեկի' «Բարեկամություն» պետական համույթի 25-ամյա հոբելյանը:
Հիմնադրվելով 1987 թվականին' «Բարեկամություն» պարային համույթը նոր շունչ հաղորդեց հայ պարարվեստին: Գոյության առաջին իսկ օրերից համույթը գրավեց հանրությանը՝ իր բազմաժանր պարացանկով, տարբեր ազգերի ժողովրդական պարերի վառ կատարումներով: Այն նաեւ դարձավ հայկական ժողովրդական պարերի յուրօրինակ մեկնաբան եւ տարածող աշխարհի ամենատարբեր բեմահարթակներում:
«Բարեկամության» յուրահատկություններից մեկը հայկական ազգային պարը խորեոգրաֆիկ դասական պարի տարրերով ներհյուսելն է, ինչը հրաշալիորեն իրականացնում է նրա գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը:
Կատարողական բարձր արվեստի եւ ստեղծագործական ակնառու հաջողությունների համար 2008 թվականին համույթին արժանիորեն շնորհվեց վաստակավոր կոլեկտիվի բարձր կոչումը:
Սրտանց շնորհավորելով ստեղծման 25-ամյակի առթիվ' Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթին մաղթում եմ անսպառ եռանդ եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ»: