Քրդերը փորձում են խանգարել Թուրքիային Սիրիայի ռազմական գործողություններում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մարտիկները շարունակում են իրենց հարձակումները երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, և որ նրանց նպատակը Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին խանգարելն է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը:
«Մենք տեսնում ենք, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը փորձել է մեծացնել իր ակտիվությունը մեր սահմաններին հուլիսի 15-ից հետո: Այդ հարձակումները, որոնց նպատակը Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին խանգարելն է, դեռևս շարունակվում են»,- հայտնել է Էրդողանն իր հաղորդագրությունում:
Նրա խոսքով՝ Թուրքիան պարտք ունի վերացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում և թույլ չտալ հարձակումների իրականացումը Թուրքիայում: Էրդողանը հայտնել է, որ Սիրիայում երկուսուկես շաբաթ առաջ սկսված ռազմական գործողություններն այդ ուղղությամբ տարվող առաջին քայլերն են: