Վարդգես Պետրոսյան. խոսքեր, որոնք ստիպում են մտածել
Սրբություններ կան. արյունը սրբություն է, միասին ապրած տարիները, միասին լռած րոպեները սրբություն են, մի հատ մսով կարկանդակը, որ դժվար օրերին կիսում էին հինգ հոգով, սրբություն է: Կան:
***
Երևի մարդուն, իրոք, հարկավոր է երբեմն մենակ մնալ` ինքն իր հետ, ինքն իր դեմ, և, երևի, հենց այդ ժամանակ են գալիս իսկական մտերիմները, որոնց կորցնում ես, որովհետև մտերիմները նրանք են, որոնց կորցնում ես: Միայն պատահական մարդիկ են, որ միշտ կողքիդ են:
***
Առհասարակ, եթե հնարավոր լիներ կինոապարատով նկարահանել մարդու մտքերը, ապա ինչ հետաքրքիր բան կստացվեր. կողք կողքի, իրար հետևից` ինչ տարբեր բաներ կլինեին: Հանկարծ պատկերացրեց այդ կինոժապավենը, թեկուզ մարդու մի օրվա մասին, թեկուզ… Ըստ այդ կինոնկարների, մարդիկ իրար շատ նման կլինեին, որովհետև դա կլինի իսկականը, ինչ մտածում են:
***
Առհասարակ, եթե մարդկանց հոգիները մերկացնես, իրար շատ նման կլինեն. նրանք մոտավորապես նույն բանն են սիրում, նույն հաճույքներն են ուզում: Ուրիշների առաջ մարդիկ այդ ամենը թաքցնում են, ձևանում, դիվանագիտություն խաղում: Մարդկանց միջև տարբերությունները դրանից են:
***
Մենք շատ-շատ սպասում ենք, որ մարդ խոսի-վերջացնի, չգիտենք, որ կա նաև լռել-վերջացնել, որ հաճախ ավելի է հարկավոր մարդուն: