Էրդողանը «G20»-ին երկու անգամ Պուտին և Օբամայի հետ քննարկել է Սիրիայի հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանի Հանչժոու քաղաքում տեղի ունեցող «G20»-ի գագաթաժողովի ժամանակ լրացուցիչ բանակցություններ է վարել ԱՄՆ-ի և ՌԴ նախագահների` Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հետ երկկողմ բանակցություններից հետո Էրդողանը նրանց հետ էլի բանակցություններ է վարել: Անկարան լիարժեք աջակցություն է ստացել Թուրքիայի սահմանային շրջաններում ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարելու հարցում: Այժմ անհրաժեշտ է ընդլայնել այդ գոտին: Այդ պատճառով էլ ընդդիմության ուժերը շարժվում են Սիրիայի խորքերը` ազատ արձակելով նորանոր տարածքներ»,-հայտարարել է Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալինը:
Քալինը հավելել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արդեն սպառնում է Թուրքիայի սահմաններին: Նա ընդգծել է, որ թուրք-սիրիական սահմանի երկայնքով` մոտ 90 կմ տարածք, նախկինում վերահսկվում էր «ԻՊ»-ի կողից, իսկ այժմ արդեն մաքրվել է ահաբեկիչներից: