Արցախի դահիճը. Խոսրով Բեկ Սուլթանով
Արցախի դահիճը. Խոսրով Բեկ Սուլթանով (1879 Լաչին - 1947 Տրապիզոն):
Ազգությամբ քուրդ Խոսրով Բեկ Սուլթանովը համարվում է Սդրբեջանի առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկը: Ծնվել է Լաչինից ոչ հեռու գտնվող քրդաբնակ Քյուրդհաչի գյուղում: Նա և իր երկու եղբայրները` Սուլթանն ու Իսքանդերը, հայտնի էին իրենց հակահայ հայացքներով: Գանձակում գիմնազիան ավարտելուց հետո՝ Սուլթանովը կրթությունը շարունակել է Օդեսայի բժշկական ինստիտուտում:
1917 թ. նոյեմբերի 27-ին Կովկասյան բանակի հակահետախուզական բաժանմունքի կազմած զեկուցագրում հիշատակվում է որպես թուրքական հետախուզության լրտես: Այսրկովկասից ռուսական բանակի հեռանալուց հետո՝ ակտիվ մասնակցություն է ունեցել մուսուլմանական ազգային խորհրդի աշխատանքներին:
1918 թվի մայիսի 27-ին Թիֆլիսում, 26 քաղաքական գործիչների թվում, ստորագրել է Արևելակովկասյան Մուսուլմանական Հանրապետության (Ադրբեջան) անկախության հռչակագիրը: 1918-ի մայիսի 27-ից մինչեւ հունիսի 11-ը փաստացի հանդիսացել է Ադրբեջանի կառավարության ռազմական նախարարը: 1919 թ. հունվարի 16-ին ադրբեջանական կառավարությունը Խոսրով Բեկ Սուլթանովին նշանակել է Ղարաբաղի և Զանգեզուրի, այսպես կոչված, ժամանակավոր գեներալ-նահանգապետ: Այդ պաշտոնը վարել է մինչև 1920 թ. մայիսը:
Հայտնի է «Ղարաբաղի դահիճ» մականունով: 1920 թ. մարտի 22-ի լույս 23-ի գիշերը կազմակերպել է Շուշիի հայության ջարդը, որի հետևանքով հայաշեն ծաղկուն քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել ու հայաթափվել է:
Բաքվում խորհրդային իշխանության հաստատվելուց հետո (1920 ապրիլի 28), հայտնի մուսավաթականն իրեն հռչակել է «Ղարաբաղի հեղկոմի նախագահ» և հայտարարել, որ այսուհետ պաշտպանում է Խորհրդային Ադրբեջանի շահերը: Արցախ ներխուժած կարմիրների կողմից Սուլթանովը ձերբակալվել է, սակայն Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի միջնորդությամբ շուտով բանտից ազատվել և հեռացել է արտասահման:
Ապրել է Թուրքիայում (1923), Պարսկաստանում (1926), ապա անցել Ֆրանսիա, այնուհետեւ՝ Գերմանիա: 1936-ին կրկին վերադարձել է Թուրքիա և հաստատվել Տրապիզոնում: Երկրորդ աշխարհամարտի տարիներին թրքական կառավարությանը բազմիցս հորդորել է ներխուժել Կովկաս: Մեռել է Տրապիզոնում՝ 1947-ին:
Հայե՛ր, գիտե՞ք, որ, ֆեյսբուքյան էջ: