«Խոցելի պետությունների ինդեքս-2016». Հայաստանը «Զգուշացում» կատեգորիայում է
«Խոցելի պետությունների ինդեքս»-ը (The Fragile States Index) 178 պետությունների ամենամյա դասակարգում է` ըստ նրանց կայունության և ճնշումներին դիմակայության աստիճանի: Այն կազմում է «Խաղաղության հիմնադրամ»-ը:
2016 թ-ի ինդեքսը 12-րդն է: Այն ներկայացնում է 2015 թ-ի հունվարի 1-ից 2015 թ-ի դեկտեմբերի 31-ն ընկած իրավիճակը, ուստի 2016 թ-ի իրադարձությունները չեն ազդել զեկույցի և պետությունների դասակարգման վրա:
«Խոցելի պետությունների ինդեքս»-ում որքան պետությունն ավելի ցածր միավորներ ունի, այնքան լավ: Որքան պետության միավորները իջնում են, այնքան նա բարելավում է իր դիրքերը: Հետևաբար, ամենաբարձր միավորներն ունեցող պետություններն ամենախոցելի պետություններն են: Պետությունները խմբավորված են հետևյալ կատեգորիաներում` «Շատ կայուն», «Կայուն», «Շատ ստաբիլ», «Ավելի ստաբիլ», «Ստաբիլ», «Զգուշացում», «Բարձրացող զգուշացում», «Բարձր զգուշացում», «Տագնապ», «Բարձր տագնապ», «Շատ բարձր տագնապ»:
Այսպես, ամենախոցելի պետություններն են Սոմալին (114), Հարավային Սուդանը (113.8), Կենտրոնական Աֆրկյան Հանրապետությունը (112.1), Եմենը (111.5), Սուդանը (111.5), Սիրիան (110.8), Չադը և Կոնգոն:
Ամենակայուն պետություններն են Ֆինլանդիան (18.8), Նորվեգիան (21.2), Նոր Զելանդիան(21.3), Դանիան (21.5), Շվեյցարիան (21.8), Ավստրալիան, Իռլանդիան, Շվեդիան:
Հայաստանը 69.6 միավորով զբաղեցնում է 109-րդ հորիզոնականը: ՀՀ-ը ընդգրկված է «Զգուշացում» կատեգորիայում:
Հայաստանի հարևաններից Վրաստանը զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը 78.9 միավորով, «Բարձրացող զգուշացում» կատեգորիայում: Նույն կատեգորիայում է նաև Ադրբեջանը` 76.3 միավոր, 81-րդ հորիզոնական, և Թուրքիան` 77.3 միավոր, 79-րդ հորիզոնական: Իրանը «Բարձր զգուշացում» կատեգորիայում է` 86.9 միավոր, 47-րդ հորիզոնական: Նույն կատեգորիայում է նաև Ռուսաստանը` 81.0 միավորով, 65-րդ հորիզոնական:
Պետությունների դասակարգմանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: