Այս երկրում ապրելու գինն այժմ ավելի ծանր է. Էրդողանի դուստր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը` Սյումեյյե Էրդողան Բայրաքթարը, ով նաև «KADEM»-ի (Կանանց և ժողովրդավարության ասոցիացիա) ընկերության փոխնախագահն է, ելույթ ունենալով ընկերության Բուրսայի մասնաճյուղի բացմանը, նշել է.«Այս երկրում ապրելու գինն այժմ ավելի ծանր է»: Այս մասին գրում է թուրքական «Birgun Daily»-ն:
Նա հայտարարել է, որ Թուրքիան անցել է նշանակալի սոցիալական փոփոխությունների միջով Արդարություն և զարգացում կուսակցության կառավարման 14 տարիների ընթացքում և հավելել.«Երբ մենք համեմատում ենք 2002 թվականը և այսօր, մենք տեսնում ենք, որ կանանց ներկայությունը շատ ոլորտներում ավելի արդյունավետ է դարձել: Կանանց ներկայությունը բիզնեսում մեծապես աճել է: Եթե կին տնօրենների թիվը 2003 թ-ին 114 հազար էր, ապա այդ թիվն այսօր աճել է 82 տոկոսով` հասնելով ավելի քան 208 հազարի: Բարձրագույն կրթություն ստացող կանանց թիվը 13 տոկոսից հասել է 40 տոկոսի»:
Խոսելով Թուրքիայում հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած հեղաշրջման փորձի մասին Սյումեյյեն նշել է. «Հուլիսի 25-ը հիմնասյուն է բոլորիս համար և նոր փուլ է մեր պետության համար: Այս երկրում ապրելու գինն այժմ ավելի ծանր է, որովհետև շատ արյուն հեղվեց և շատ կորուստներ ունեցանք: Ուստի մեր աշխատանքը և հոգսերն ավելի շատ են: Մենք պետք է քայլեր կատարենք, որոնք կբարձրացնեն մեր պետությունը բոլոր ոլորտներում»: