Հասմիկ Պողոսյանը գտնում է, որ Ռուբեն Հախվերդյանը երբեմն չի հարգում պետությունը
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ.
-Տիկին նախարար, Դուք ի՞նչ երաժշտություն եք նախընտրում:
-Դասական:
-Ռուբեն Հախվերդյանի երգերը չե՞ք սիրում:
-Իհարկե սիրում եմ:
-Իսկ երբ իր նոր ձայնասկավառակը Մշակույթի նախարարություն է ուղարկում, ինչո՞ւ չեք արտայտում Ձեր կարծիքը վերջինիս վերաբերյալ:
-Ո՞վ է ասում, թե չեմ արձագանքում, բոլոր երգիչներն էլ իրենց ձայնասկավառակներն ուղարկում են, մենք էլ մեր գնահատականը տալիս ենք:
Առավել ևս Հախվերդյանի երգերը, որոնք բոլորն էլ սիրում են, և ես՝ որպես Մշակույթի նախարար չէ, որ պետք է ասեմ դրա մասին:
Ես չեմ իմացել, որ նա սպասում է իմ կարծիքին, եթե ես իմանայի այդ մասին, կհայտնեի կարծիքս, համարեք, որ հայտնեցի:
-Չե՞ք կարծում, որ Հախվերդյան, Մեսչյան և նման կարգի արվեստագետներն այնքան էլ չեն գնահատված Մշակույթի նախարարության կողմից:
-Միայն նախարարությունը չէ, որ գնահատում է. կա պետություն, որը կարծում եմ լիարժեք գնահատում է իր արվեստագետներին. թե՛ պետական պարգևների տեսքով, թե՛ նրանց ստեղծագործությունները գնահատելով:
Աջակցության որևէ խնդիր նրանք չեն ունեցել. նախարարությունը ցանկացած հարցով կանգնած է եղել իրենց կողքին: Մենք միշտ ենք հարգում այդ արվեստագետներին, բայց իրենք միշտ չէ, որ հարգում են մեր պետությունը, խոսքը վերաբերում է Ռուբեն Հախվերդյանին:
Պետական այրերը բոլոր ծրագրերին աջակցում են, բայց ամեն անգամ ես տեսնում եմ իր կողմից դժգոհություն, որ աջակցություն չկա:
Հետո Դուք այն արվեստագետների անունները տվեցիք, որոնք աջակցության կարիք չունեն. իրենց ուժն իրենց արվեստի մեջ է:
-Անշուշտ, սակայն իրենք գնահատվու՞մ են պետության կողմից:
-Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այն անունները, որոնք նշեցիք, որպես արվեստագետներ, ինձ համար շատ հարգելի անհատներ են, եթե նրանք ինչ-որ բանի ակնկալիք են ունեցել, և դա չի արվել, խնդրեմ, կարելի է դրա ձևակերպումը տալ և ես պատրաստ եմ դրան պատասխանել, սակայն նրանք երբևէ չեն մերժվել նախարարության կողմից:
Զրուցեց Սեդա Ղուկասյանը