Նախագահը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի բացմանը (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Գիտելիքի և դպրության օրվա առիթով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի և ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել են ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հարազատներ, ՀՀ ՊՆ զինված ուժերի, ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀՀ կրթության և գիտության նախարարը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ, հանրապետության այլ բուհերի ռեկտորներ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներ, կուրսանտներ:
Զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման և օծման արարողությունից հետո Հանրապետության Նախագահը և արարողության մասնակիցները ծաղիկներ են դրել խաչքարին, հարգանքի տուրք մատուցել:
Բացման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի և հրամանատարաշտաբային ֆակուլտետի մասնաշենքի բացման արարողության կապակցությամբ: Նախագահը շրջայց է կատարել հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ուսումնառության պայմաններին: Բուհի պատասխանատուների ներկայացմամբ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքի շահագործումը հնարավորություն է ընձեռում ոչ միայն արդյունավետ կազմակերպել և անցկացնել սպայական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, այլև ստեղծել ռազմական գիտության տեսության մշակման համար ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ նախադրյալներ: Ֆակուլտետի կազմում մտնում են միջազգային և ազգային անվտանգության, ռազմարվեստի, ռազմամասնագիտական ամբիոնները: