Էրդողանը հաստատել է Թուրքիա-Իսրայել հարաբերությունների նորմալացման մասին պայմանագիրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է ավելի վաղ երկրի խորհրդարանի կողմից վավերացված պայմանագիրը Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման շուրջ: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ը` հղում անելով նախագահի պաշտոնական կայքին:
Այս ընթացակարգից հետո պայմանագիրը կհրապարակվի պաշտոնապես և կմտնի ուժի մեջ: Ըստ պայմանագրի, Իսրայելը պետք է Թուրքիային 25 օրվա ընթացքում 20 միլիոն դոլար փոխհատուցում վճարի 2010 թ-ին «Ազատութան տորմիղ»-ի դեպքերի պատճառով, երբ սպանվեց 9 թուրք: Դրանից հետո էլ վատացան երկու երկրների միջև հարաբերությունները:
Իսրայելը և Թուրքիան հարաբերությունների նորմալացման մասին համաձայնագիրը կնքել են հունիսի 28-ին: Որպեսզի փաստաթուղթն ուժի մեջ մտնի, այն պետք է հավանության արժանանա երկու երկրների խորհրդարանների կողմից: Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերը կփոխանակվեն դեսպաններով:
Հիշեցնենք, որ 2010թ. մայիսի 31-ին տեղի ունեցավ Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղ»-ի միջադեպը, որի ժամանակ իսրայելցի հատուկ ջոկատայինները տորմիղի դրոշակակիր թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանեցին 9 թուրքի (2014 թ-ին մահացավ նաև միջադեպի ժամանակ ծանր վիրավորվածներից մեկը), ինչը հանգեցրեց Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը: