Ջիվան Ավետիսյանի` Արցախին նվիրված «Վերջին բնակիչը» ֆիլմը՝ «Օսկար»-ի հավակնորդ
Հայաստանի ազգային կինոակադեմիային սպասվում է դժվար ընտրություն. Հայաստանից ո՞վ պետք է պաշտոնապես առաջադրվի ամերիկյան կինոակադեմիայի` «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխությանը: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 25-ն էր:
Ներկայացված է երեք ֆիլմ. Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը», Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակով»-ը և Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ»-ը: Վերը նշված բոլոր ֆիլմերն էլ արժանի են Հայաստանը ներկայացելուն, սակայն հարց է, թե նրանցից ո՞ր մեկը կարժանանա այդ պատվին:
Հիմնական մրցակցությունը լինելու է Արցախյան պատերազմի մասին պատմող «Վերջին բնակիչը» և 1988թ.-ի երկրաշարժի մասին պատմող «Երկրաշարժ» ֆիլմերի միջև:
«Վերջին բնակիչը», Ջիվան Ավետիսյանի` Արցախին նվիրված երկրորդ լիամետրաժ ֆիլմն է: Առաջին ֆիլմը՝ «Թևանիկ»-ն էր, որը նվաճել է բազմաթիվ միջազգային մրցանակներ` Չինաստանում, Իտալիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում:
Այս տարի Ֆիլմը առաջադրվել է Գլենդելի Միջազգային և «World Cinema Berlin»-ի կինոարտադրողների միջազգային կինոփառատոններում: «Թևանիկ»-ը ցուցադրվել է նաև Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկայում, ինչպես նաև արժանացել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի գլխավոր մրցանակին:
Ծագումով Արցախցի Ջիվան Ավետիսյանը մեծացել է՝ ականատես լինելով իր ընտանիքի և համագյուղացիների դիմակայած դժվարություններին: Վերջին տասը տարիների ընթացքում, Ջիվանը նկարահանել է մի շարք վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր` Արցախի մասին, նպատակ ունենալով` ճանաչելի դարձնել Արցախը և նրա հիմնախնդիրները` ողջ աշխարհում:
Ջիվանի ֆիլմերը դարձան ավելի արդիական ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ընդգծելով խաղաղության գաղափարը, որը ամենակարևորն էր ողջ հայության համար: «Վերջին բնակիչը» իր մեջ հզոր հաղորդագրություն է պարունակում ազգային պատկանելիության և այն մասին, որ անգամ պատերազմը չի կարող վերջ դնել նվիրական արժեքներին:
Ֆիլմի ստեղծման վրա աշխատել են անկախության սերնդի տաղանդավոր երիտասարդներ, ովքեր ևս մեկ անգամ ընդգծում են խաղաղության համազգային և համամարդկային արժեքը:
Հաջողություն ենք մաղթում Ջիվան Ավետիսյանին և մյուս ռեժիսորներին, որոնք վստահ ենք, ըստ արժանվույն կներկայացնեն Հայաստանը` ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանը: