Չեմպիոնները «օլիմպիական» «BMW»-ները վաճառել են հենց Կրեմլի մոտ
Օլիմպիական խաղերի չեմպիոնները, ում Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «BMW» մակնիշի էլիտար ավտոմեքենաներ նվիրեց, սկսել են ակտիվորեն վաճառել մեքենաները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես հայտնի է դարձել լրատվամիջոցին, Ռիոյի օլիմպիական չեմպիոններից մեկը հենց Կրեմլի պատերի մոտ վաճառել է իր «BMW X6»-ը: Գնորդը էքսկլուզիվ ավտոմեքենայի համար 2.5 միլիոն ռուբլի է վճարել:
Օգոստոսի 25-ին, այսինքն՝ հենց պարգևատրման օրը, Auto.ru պորտալում «օլիմպիական» «BMW X6»-ի վաճառքի մասին հայտարարություն է հրապարակվել: Խիմկիից Կատերինա անունով ներկայացած օգտատերը նշել է, որ մեքենան նվիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, չնայած իրականում օլիմպիականները նման պարգևատրման են արժանացել վարչապետ Մեդվեդևի կողմից, իսկ Պուտինը նրանց պետական պարգևներ է տվել: