Հայազգի Ժան-Ժակ Սարաջյանը՝ Ֆրանսիայի հայ համայնքի և նրանց համար նախատեսված ամսագրի մասին
Այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայում հիմնադրված «Նոր հայեր» ամսագրի հայազգի հիմնադիր Ժան-Ժակ Սարաջյանը խոսեց Ֆրանսիայում հայերի, համագործակցության, «Կաննի» փառատոնի, ինչպես նաև ներկայացրեց մանրամասներ «Նոր հայեր» ամսագրի մասին:
Նա ներկայացրեց ամսագրի գործունեությունը և նշեց, որ «Nouvel Hay Magazine (NVH)» միջազգային ամսագիրը 2008 թվականին է հիմնվել իր կողմից, իսկ 2009 թվականին սկսել է կազմավորվել, հրատարակել ամսագիրը և ներառել մասնակիցների: Ամսագիրն ունի 400 000-ից մինչև կես միլիոն հետևորդ:
«Ամսագրի նպատակն է տրամադրել տեղեկատվություն հայերի մասին, բայց այն միայն հայերին չի անդրադառնում, այլ նաև միջազգային ամսագիր է՝ բաղկացած տարբեր բաժիններից: Այն բացվել է հայերի համար, որպեսզի Ֆրանսիայում ինչ-որ կերպ օգնի հայ համայնքին և նրանց ներկայացնի: Ամսագրի կայքն ունի տարբեր բաժիններ՝ քաղաքականություն, տնտեսություն, մարդիկ, մշակույթ, և այլն: Գլխավոր գրասենյակը գտնվում է Ֆրանսիայում և մենք հենց Փարիզից ենք աշխատում»,-ասաց Ֆրանսիայում հիմնադրված «Նոր հայեր» ամսագրի հայազգի հիմնադիր Ժան-Ժակ Սարաջյանը:
Նրա խոսքով՝ ամսագրի գլխավոր խմբագիրը Ռաֆֆի Բաքյանն է, ով իրեն է միացել 2010 թվականին և հենց նա էլ ոգեշնչել է Ժան-Ժակ Սարաջյանին, որպեսզի ավելի լրջորեն զբաղվի այս գործով: «Նոր հայեր» ամսագրի կայքը, հայերի հետ կապված ամեն բան քննարկում և ներկայացնում է համայնքին:
Թե ինչպես է ստեղծվել կայքը, նա ասաց, որ ուսումնասիրելով համացանցը նկատեց, որ այդպիսի կայք չկա, որպեսզի ամեն ինչից, ընդհանուր հայերից տեղեկացնի և թեկուզ հենց միայն հայերին և ունենա նաև այլ բաժիներ, հենց դա էլ ստիպեց նրան, որ նման բան ձեռնարկի:
Նրա պնդմամբ՝ սկզբնական հատվածում բարդ էր և կառուցվեց այսպես ասած կմախքը, իսկ հիմա արդեն կա «Նոր հայեր» ամսագրի կայքը: Վերջինս թարգմանվում է 8 լեզվով՝ հայերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն, ռուսերեն և իսպաներեն, որպեսզի բոլոր կողմի հայերն էլ կարողանան օգտվել: