8-ամյա Էլենչոն վերադարձավ ոսկե մեդալով
Դեկտեմբերի 12-ին «Զվարթնոց» օդանավակայանում ամեն ինչ տոնական էր: Մի կողմից Ամանորի պատրաստություններն էին, մյուս կողմից էլ փուչիկներ, ծաղիկներ, նվերներ, անկեղծ ժպիտներ ու սրտերի բաբախյուններ: Մի խումբ մարդիկ հավաքվել էին՝ դիմավորելու 8-ամյա Էլենչոյին: Եվս մի քանի րոպե, և նա կվերադառնա Հայաստան «Սիրո քաղաքից», ուր մեկնել էր մասնակցելու «Սպորտային պարերի աշխարհի բաց առաջնություն 2012-ին»: Ոսկե մեդալակիրն առաջին անգամ էր մեկնում քաղաքից: Ծնողները սկզբում դեմ էին. չէ որ առանց իրենց դեռ ոչ մի տեղ չէր գնացել:
«Չէինք համաձայնվում, վախենում էինք, բայց ինքը շատ էր ուզում գնալ: Վստահ էր, որ հաղթած է վերադառնալու»,- Operativ.am-ի հետ զրույցում անկեղծացավ Էլենի մայրն ու ծիծաղով հիշեց. «Մեկ շաբաթ առաջ արդեն ճամպրուկը հավաքել էր»:
Էլեն Ղազարյանը մեկնեց, ներկայացավ 5 սպորտային պարով, վերցրեց ոսկե մեդալն ու վերադարձավ: Արդեն Հայաստանում է' իր գեղարվեստական ղեկավար Մարիաննա Մանյանի և Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի' Սոֆյա Հակոբյանի հետ, ով նույն մրցույթին արժանացել է 2-րդ մրցանակին:
«Մրցույթին մասնակցում էին 5 երկրներից 8 մասնակից: Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ղազախստանի, Ուկրանիայի մասնակիցների մեջ մենք ամենալավն էինք: Առաջին երկու հորիզոնականները զբաղեցրեցին մեր փոքրիկները»,- ասաց Սպորտային պարերի համահայկական խորհրդի անդամ, գեղարվեստական ղեկավար Մարիաննան ու վստահեցրեց, որ նման միջոցառումները մեծ դեր ունեն նաև երեխաների դաստիարակության գործում:
Operativ.am-ի խնդրանքով 8-ամյա փոքրիկը պարեց հենց օդանավակայանում' բոլորին ապացուցելու, որ ինքը արժանի էր հաղթանակի: «Ես սկզբից էլ գիտեի, որ հաղթելու եմ»,- մեզ հետ զրույցում ասաց Էլենչոն: