ԵՄ-ում քննադատել են Թուրքիայի «մաքրումները»
Թուրքիայում անհաջող հեղաշրջման փորձից հետո իրադարձությունների զարգացումը «պակաս լարվածություն չի առաջացրել Եվրոպայի մեծ մասում՝ ձերբակալությունների ալիքի արագությամբ և մասշտաբներով»: Այս մասին հայտնել է եվրակոմիսար Յոհաննես Հանը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի՝ Եվրամիության կազմ մտնելու հեռանկարների մասին խոսելով՝ նա պաշտոնական Անկարային հորդորել է իրականացնել Բրյուսելի բոլոր պահանջներն այդ հարցով, որոնք դրվում են թեկնածու երկրների առջև: «Օրենքները քննարկման ենթակա չեն»,- հայտնել է նա:
Հանը անհրաժեշտ է համարում այն, որ «Թուրքիան մոտ ժամանակներս պետք է հասկանա, թե արդյո՞ք ցանկանում է և կարող է ընդունել այդ պայմանները»: «Այդ հարցը լարվածություն է առաջացնում հարաբերություններում»,- ասել է եվրակոմիսարը:
Ավելի վաղ Եվրամիությունում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սելիմ Ենիլը հայտնել էր, որ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են՝ երկիրը Եվրամիության անդամ դառնա մինչև 2023 թվականը: Նրա խոսքով՝ այս պահին դրա համար անհրաժեշտ պայմաններն ամենաբարենպաստը չեն, սակայն ամեն բան կարող է փոխվել: