1968 թվականի մայիսի 25-ին բացվեց Սարդարապատի հուշահամալիրը
1968թվականի մայիսի 25-ին տեղի ունեցավ Սարդարապատի հուշահամալիրի բացումը: Համալիրը նվիրված 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին: Հեղինակներից էին ճարտարապետ Ռ. Իսրայելյանը, քանդակագործներ Ա. Հարությունյանը, Ս.Մանասյանը և Ա.Շահինյան:
Համալիրի կենտրոնում գտնվում է 35 մետր բարձրություն ունեցող զանգակատունը, որտեղ երեք շարքով զանգեր են կախված: Դրանք կարծես պատրաստ են զանգահարելու եւ ոտքի հանելու ժողովրդին վտանգի պահին: Իսկ այսօր նրանք ղողանջում են' բոլորիս հիշեցնելով հաղթանակի մասին:Ողջ համալիրը կառուցված է կարմիր տուֆից, որը յուրահատուկ կոլորիտ, ուժ եւ հզորություն է հաղորդում կառույցին:
Զանգակատան հրապարակից սկիզբ է առնում արծիվների ծառուղին, որոնք մարմնավորում են պատերազմի հերոսներին: Արծիվների ծառուղուց հետո բացվում է հրապարակը, որտեղ տեղադրված է 55մ երկարություն և 7մ բարձրություն ունեցող քանդակազարդ «Հաղթանակ» պատը: Պատի երկու մակերեսների վրա այլաբանորեն ներկայացված են Սարդարապատի ճակատամարտի պատկերները: