Արդո՞ք Ստամբուլի Սամաթիա թաղամասում Մուրադ Նազարյանից բացի այլ հանցագործ էլ է գործել
Թուրքական «Ռադիկալ» թերթի փոխանցմամբ Ստամբուլի Սամաթիա թաղամասում 84-ամյա Մարիցա Քյուչուքի սպանությունից հետո ձերբակալված հայազգի Մուրադ Նազարյանը մեղադրվում է միայն Քյուչուքի սպանության համար:
Հաղորդվում է, որ Սամաթիայում հարձակման ենթարկված կանանցից Սուլթան Այքարը հետ է վերցրել իր դիմումը: Հարձակման ենթարկված մյուս երկու կանանց գործով էլ Նազարյանը որևէ գործընթացի մեջ չի ներգրավվել:
Սամաթիայի դեպքերի հարցով զբաղվող փաստաբան Էրեն Քեսքինը հետևյալ կերպ է մեկնաբանել Նազարյանի գործում առկա զարգացումները. «Ականատեսների նկարագրություններից ելնելով՝ ես չեմ հավատում, որ այդ հանցագործությունը կատարվել է մի մարդու կողմից: Ես կարծում եմ, որ թերի հետաքննություն է անցկացվել: Մի հայ հանցագործ են բռնել ու գործը ծածկել»:
Թերթը նշում է, որ այս պարագայում մարդկանց մոտ հարց է առաջանում, թե արդյոք Մուրադ Նազարյանից բացի այլ հանցագործ էլ է գործել Սամաթիայում:
Նշենք, որ Սամաթիայի գործը հետաքննող անվտանգության ստորաբաժանումներն արտահայտվել են բոլոր չորս հարձակումների՝ Նազարյանի կողմից կատարված լինելու օգտին, իսկ մեղադրական եզրակացության մեջ վերջինիս մեղադրանք է առաջադրվել միայն Մարիցա Քյուչուքի սպանություն համար: Նազարյանի՝ մյուս երեք հարձակման հետ կապ ունենալու մասին ոչինչ նշված չէ: