Ռուսաստան-Հայաստան գազամուղի պայթեցման գործում «ԻՊ»-ի հետքն է նկատվել
Մայա Չրելաշվիլին, ով Վրաստանում ռուսական գազատարի պայթեցման պատրաստման համար մեղադրվողներից մեկի փաստաբանն է, հաղորդել է լրագրողներին, որ գործի նյութերում կան լուսանկարներ, որտեղ երևում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը: Այս մասին հաղորդում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
5 մեղադրյալներից իր մեղքը խոստովանում է միայն մեկը` Բեքա Բեքաուրին, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում: Ըստ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունների, Բեքաուրին վիրավորվել է ձերբակալման ժամանակ, բայց տուժածի մտերիմներն ու հարազատները դրան չեն հավատում:
«Գործի նյութերում կան նշումներ այն մասին, որ նրանք, հնարավոր է, վահաբիզմի հետևորդներ լինեին: Բեքաուրին հերքում է դա: Գործում կան նաև լուսանկարներ Ֆեյսբուք սոցիալական ցանցից, որտեղ Բեքաուրին և մյուսները կանգնած են տարբեր դրոշների, այդ թվում` «ԻՊ»-ի դրոշի ֆոնին»,- հայտարարել է Չրելաշվիլին «Рустави 2» հեռուստաընկերության եթերում:
Ըստ փաստաբանի, Բեքաուրին հայտարարել է, որ առգրավված զենքն իր սեփականությունն է: