Հերթական պայթյունը՝ Թուրքիայի հարավ-արևելքում. կա 2 զոհ
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Շիրնաք նահանգի Ուլուդելե շրջանում, մայրուղուց ոչ հեռու պայթուցիկ սարք է պայթել: Պատահարի հետևանքով մահացել է երկու թուրք զինվորական, ևս երեքը՝ վիրավորվել: Այս մասին գրում է «NTV» հեռուստաընկերությունը՝ հղում տալով ուժային կառույցներում իր աղբյուրներին:
Պայթուցիկ սարքը հեռահար կարգով է գործի դրվել, երբ դրա մոտով զինվորական ավտոմեքենա է անցել: Վիրավորներից մեկը ծանր վիճակում է: Ինչպես հաղորդվում է, պայթյունի կազմակերպման գործում կասկածվում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը:
Թուրքիայում 2015 թվականի հուլիսին քրդական կուսակցության հետ զինված կոնֆլիկտի վերսկսումից հետո մահացել է ավելի քան 700 զինվորական և ոստիկան: Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել է այդ ժամանակահատվածում շուրջ 5 000 քուրդ ապստամբի սպանելու մասին: