Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին խաչքարի բացում Շվեդիայում
Օգոստոսի 21-ին Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքի Սբ. Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու բակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացումը և օծումը՝ ձեռամբ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի։ Հանդիսավոր արարողությունն ուղեկցվեց պատարագով և եկեղեցու մկրտության ավազանի օծմամբ։
Արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Սյոդերթելյեի քաղաքապետ Բոել Գոդները, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Շվեդիայի պետական մարմինների և քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։
Իր խոսքում դեսպան Ապիտոնյանը նշեց, որ Շվեդիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին խաչքարը ոչ միայն կրոնական և մշակութային արժեք է ներկայացնում, այլև խորհրդանշում է Շվեդիայի հայ համայնքի նվիրվածությունն ազգային ինքնությանը, ինչպես նաև հայ ժողովրդի վճռականությունը` շարունակելու պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ։