Թուրքիան իր դեսպանին Ավստրիայից հետ է կանչել քրդերի ցույցերի պատճառով
Թուրքիան Ավստրիայում իր դեսպանին հետ է կանչել: Այս մասին հաղորդում է «Daily Sabah»-ը` հղում անելով Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին:
Նա նշել է, որ դեսպանն Անկարա կվերադառնա խորհրդատվությունների և Վիեննայի հետ հարաբերությունների վերանայման համար:
Իսկ Թուրքիայում Ավստրիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ այն բանից հետո, երբ Վիեննայում տեղի է ունեցել Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանն աջակցող հանրահավաք:
«Wiener Zeitung»-ը հաղորդում է, որ քրդական խմբերի ցույցը տեղի է ունեցել Վիեննայի կենտրոնում: Քրդերը բողոքել են ընդդեմ Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների և ՔԱԿ-ի առաջնորդ Ադբուլլա Օջալանի մեկուսացման: