Թուրքիան թույլ չի տա Սիրիայում քրդական պետության ստեղծումը. Բինալի Յըլդըրըմ
Թուրքիան թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում քրդական պետություն ստեղծվի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Անկարայում մամլո ասուլիսի ժամանակ: Այս մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը:
«Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում լիովին պարզ է: Մենք թույլ չենք տա Սիրիայի հյուսիսում ոչ մի քրդական պետության ստեղծում: Դա հակասում է նաև հենց Սիրիայի շահերին, որին անհրաժեշտ է տարածքային ամբողջականություն: Պետք չէ թույլ տալ նման կազմավորումների ձևավորումը, որտեղ էթնիկական խմբերից մեկը գտնվում է գերակա դիրքում: Այդ դիրքորոշումը պաշտպանում են ոչ միայն Անկարան, այլև Թեհրանը և այլ երկրներ: Սիրիական տարածքում առանձին պետական կազմավորումների ստեղծման հնարավորությունը թույլ տալով` մենք միայն 10 տարով էլ կշարունակենք կոնֆլիկտը»,-հայտարարել է Յըլդըրըմը:
Անդրադառնալով սիրիական հակամարտությանը` վարչապետը նշել է, որ շատ կարևոր է, որ սիրիական հակամարտության բոլոր կողմերը դրսևորեն ողջախոհություն և իրենց ջանքերն ուղղեն արյունահեղության դադարեցմանը, ինչպես նաև այնպիսի պետական կառուցվածքի պահպանմանը, որը կներկայացնի բոլոր սիրիացիներին: