Թուրքիայում արգելել են «FG» համադրությամբ մեքենայի համարները
Թուրքական իշխանությունները այսօրվանից սկսել են հեռացնել մեքենայի այն համարները, որոնցում հանդիպում է «FG» համադրությունը: Ըստ թուրքական իշխանությունների, այդ քայլն արվում է, քանի որ «FG»-ն ընդդիմադիր հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի անվան և ազգանվան առաջին տառերն են: Գյուլենը մեղադրվում է զինված հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այս մասին գրում է «Cumhuriyet»-ը:
Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը սկսել է հավաքել 2014 թ-ից հետո գրանցված այն բոլոր համարանիշերը, որտեղ կան այդ տառերը: Որոշումը վերաբերում է ոչ միայն անձնական մեքենաներին, այլև պետական տրանսպորտային միջոցներին:
Ավելի վաղ, թուրքական ԶԼՄ-ների պնդմամբ, Գյուլենի կողմնակիցներին հետախուզելու ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակությամբ մեկդոլարանոց արժեթղթեր, թվեր և տառեր, որոնց համադրությունը, իբր թե վկայում է Գյուլենի գաղտնի կազմակերպության հիերարխիկ կառուցվածքի մասին: Իսկ Անկարայի քաղաքապետ Մելիք Գյոկչեկն ավելի հեռուն է գնացել` ասելով, թե Գյուլենն իր կողմնակիցներին ղեկավարել է ջիների և գաղտնի հմայիլների միջոցով: