Մեկնարկել է «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքը. բացմանը ներկա է գտնվել վարչապետը
Այսօր Ծաղկաձորում մեկնարկել է «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքը: «Բազե» ամենամյա հավաքին այս տարի մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Հավաքը կազմված է եռագույնը խորհրդանշող երեք ճակատներից, իսկ ճակատները 15-ական ջոկատներից: 7 օրերի ընթացքում հավաքի մասնակիցները մրցելու են ինտելեկտուալ, մշակութային և սպորտային մրցույթներում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի բացմանը: Ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին «Բազե»-ի հերթական հավաքի առթիվ՝ վարչապետը նշել է, որ գոյության 14 տարիների ընթացքում «Բազե»-ին հաջողվել է համախմբել հազարավոր երիտասարդների Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:
«Այս եռամիասնությունն ամրապնդում է մեր պետականությունը և նպաստում ազգային արժեքների ու գաղափարների տարածմանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ներկայիս համաշխարհային քաղաքական և տնտեսական գործընթացները լայնածավալ խնդիրներ են առաջադրում, որոնք սրընթաց տարածվում ու մեծ ազդեցություն են գործում: Վարչապետի խոսքով՝ այդ մարտահրավերներին դիմակայելու գործում մեծ է նաև երիտասարդների դերը, քանզի հզոր է այն ազգը, որի երիտասարդը մտահոգ է իր երկրի ապագայով, կրթված է և նպատակասլաց: