Մենք կշարունակենք ամրապնդել ՌԴ-ի հետ հարաբերությունները. Թուրքիայի վարչապետ
Անկարան կշարունակի ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը «The Times» թերթին տված հարցազրույցի ընթացքում: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ երբեք վատ չեն եղել»,- հայտնել է թուրքական կառավարության ղեկավարը,- «Ուղղակի ժամանակավոր դադար է եղել: Յոթ ամիս հետո մենք այդ անիմաստ ճգնաժամը լուծելու անհրաժեշտություն զգացինք, որովհետև կողմերից ոչ մեկը գոհ չէր իրավիճակից: Մենք կշարունակենք ամրապնդել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ»:
Ռուս զինվորականների կողմից թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայի հնարավոր օգտագործման մասին խոսելով՝ Յըլդըրըմը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում դա կարող է տեղի ունենալ: ««Ինջիրլիք»-ն օգտագործում է ոչ միայն ԱՄՆ-ն: Դա անում են նաև այլ երկրներ: Ռուսաստանից նման խնդրանքներ չեն եղել»,- հայտնել է Թուրքիայի վարչապետը: