Այսօր աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի ծննդյան օրն է
Այսօր ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանի ծննդյան տարեդարձն է: Նա աշխարհահռչակ «System of A Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և «Axis of Justice» («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիրն է։
Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։
2010 թվականի նոյեմբերին հայտարարեց «System of a Down»-ի վերամիավորման մասին։ 2011-ին խումբը շրջագայության է մեկնում ԱՄՆ և Եվրոպա։
Լոս Անջելոսում ընդունվել է հայկական «Rose and Alex Pilibosi» դպրոցը, հետագայում ուսումը շարունակում է մարքեթինգի բնագավառում։ 90-ական թվականների սկզբին հանդիպում է Դարոն Մալաքյանի հետ, որի հետ էլ որոշում են նոր ռոք խումբ ստեղծել։
Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է «Serjical Strike»: Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։
Նա, համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ, ստեղծել է «Axis Of Justice» կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։
2012 թ. հունիսի 10-ին Մալիբու քաղաքում կայացավ Սերժ Թանկյանի և ծագումով վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը։
2013 թ. հունիսի 25-ին թողարկվեց Սերժ Թանկյանի չորրորդ, դասական ժանրով ալբոմը՝ «Orca Symphony No. 1»: