Երևանում տեղի ունեցավ գարեջրի ամենամյա 3-րդ փառատոնը (լուսանկարներ)
Կարապի լճի հարակից տարածքում երաժշտական ուրախ ռիթմերով տեղի ունեցավ Երևանի գարեջրի ամենամյա 3-րդ փառատոնը:
Փառատոնում ներկայացված է եղել շուրջ 15 ընկերությունների 20 տաղավար: Փառատոնի ընթացքում տաղավարներում անց են կացվել արագ ըմպելու, ձողիկով ըմպելու, նրբերշիկի համը որոշելու, գետնանուշն արագ մաքրելու, խեցգետինն արագ ուտելու և այլ մրցույթներ:
Փառատոնային երեկոն ուղեկցվել է համերգային ծրագրով: Երևանի գարեջրի փառատոնն իրականացվում է «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակներում: Այս նույն ծրագրի «Համով-հոտով Երևան» և «Երևան ՏԱՐԱԶֆեստ» խոշոր փառատոներից հետո երրորդն է:
Փառատոնի այցելուների թիվը նախորդ տարիներին գերազանցել է 4000-ը: Այն անցկացվում է արդեն երրորդ անգամ: Փառատոնի նպատակը հանրությանը հայկական գարեջրի առանձնահատկություններին ծանոթացնելն ու հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին մեկ հարթակի ներքո համախմբելն է։