Ձերբակալվել է Դավութօղլուի «աջ ձեռքը»
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են նախկին վարչապետ, իսկ ավելի վաղ՝ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի անձնական խորհրդականին՝ երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով «Hurriyet» թերթին:
Թերթի տվյալներով՝ դիվանագետ Գյուրջան Բալիքը կասկածվում է Ֆեթուլլահ Գյուլենի, ով մեղադրվում է հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, կազմակերպության հետ կապ ունենալու մեջ:
Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարարը Բալիքին պաշտոնազրկել էր հուլիսի 26-ին: Նա ավելի վաղ աշխատել էր Թուրքիայի ԱԳՆ Ալի Բաբաջանի և Ահմեդ Դավութօղլուի ընդունարանում, իսկ հետո դարձել էր Դավութօղլուի անձնական խորհրդականը, ով երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն էր մինչև 2014 թվականի օգոստոսը, իսկ հետո դարձավ երկրի վարչապետ: Դավութօղլուն հրաժարականը տվեց 2016 թվականի մայիսին: