Ռուսաստանին վախեցնելու Արևմուտքի փորձերը անիրական են. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանին վախեցնելու կամ ստորացնելու Արևմուտքի փորձերը խելամիտ չեն և անիրատեսական են: Դրանով նրանք ոչնչի չեն հասնի: Այս մասին հաղորդում է «Sputnik»-ը:
«Ես արդեն վաղուց եմ ասում: Հզոր Ռուսաստանի հետ հարաբերություններում նման մոտեցումը խելամիտ չէ և անիրատեսական է: Ռուսաստանին վախեցնելու, նրա նշանակությունը ստորացնելու և փոքրացնելու փորձերով դուք ոչնչի չեք կարողանա հասնել: Դա գործում է նաև Թուրքիայի հետ հարաբերություններում»,-նշել է նախարարը:
Չավուշօղլուն կարծում է, որ արևմտյան երկրները դժգոհ են, որ այնպիսի առաջնորդները, ինչպիսիք են Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրանց մոտ չեն գնում ամեն առիթով:
«Բախվելով Էրդողանի և Պուտինի ուղղամտությանն ու կայունությանը` նրանք մեծ տագնապ և զգուշավորություն են ապրում: Նրանք պետք է հասկանան, որ քանի դեռ չեն փոխել իրենց դիրքորոշումը, մշտապես այդ տագնապի մեջ կլինեն: Մեր առաջնորդները կշարունակեն առաջացնել նրանց վախն ու զգուշավորությունը: Արևմուտքն, ի վերջո, պետք է հասկանա դա»,-հայտարարել է Չավուշօղլուն: