Թուրքիան Գյուլենին բաց և օբյեկտիվ դատական գործընթաց է խոստանում
Թուրքիան ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում հանձնմանն է ձգտում Անկարան, խոստանում է բաց և օբյեկտիվ դատական նիստ: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Թուրքիայի՝ ահաբեկչական կազմակերպության ղեկավարի հանձնման պահանջը միանգամայն բնական է: Նա 240 մարդու մահվան պատճառ է դարձել և պետք է կանգնի դատարանի առաջ: Թող ոչ ոք չկասկածի, որ բոլոր անձինք, ովքեր կփոխանցվեն Թուրքիային, այդ թվում` նրանք, ովքեր արդեն ձերբակալվել են, կկանգնեն դատարանի առաջ: Վստահ եմ՝ դատական գործընթացը կընթանա բաց և օբյեկտիվ՝ համապատասխան մեր օրենքներին և սահմանադրական նորմերին: Ոչ ոք թող չկասկածի»,- հայտնել է Չավուշօղլուն «Sputnik Türkiye»-ին տված հարցազրույցի ընթացքում:
«Մենք կանխեցինք հեղաշրջումը, այժմ փորձի բոլոր մասնակիցների նկատմամբ իրավական գործընթացներ են ընթանում, դատական հետաքննություններ: Նույն գործընթացը կընթանա Գյուլենի և բոլոր այն մարդկանց նկատմամբ, ում կհանձնեն Թուրքիային»,- հայտնել է նախարարը: