Եթե Հայաստանում լիներ լեգիտիմ ոչ խոցելի իշխանություն, գազի գնի բարձրացումն այդքան մեծ ազդեցություն չէր ունենա
Գազի գինը նոր չի բարձրացվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ գազի սակագնի բարձրացմանն ու իշխանության գործունեությանը: Արմեն Մարտիրոսյանը չի բացառում այն, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանը պատժիչ գործողություններ է իրականացնում Հայաստանի արևմտյան կողմնորոշման համար: «Ես միանշանակ արևմտյան վեկտորի կողմնակից եմ, սակայն եթե Հայաստանում լիներ լեգիտիմ ոչ խոցելի իշխանություն, նույնիսկ այդ գազի գնի բարձրացումն այդքան մեծ ազդեցություն չէր ունենա»: Բանախոսը միաժամանակ ավելացրեց, որ Կառավարության սուբսիդավորման տարբերակն իր համար անընդունելի է, քանի որ դրա հետևանքով հարուստներն ավելի են հարստանալու, իսկ աղքատներն էլ` ավելի աղքատանալու:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մտածողության հեղափոխության մասին արտահայտած մտքին, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Որքան էլ վարչապետը գեղեցիկ մտքեր արտահայտի մտածողության հեղափոխության մասին, պետք է իմանա, որ այդ հեղափոխությունը պետք է անի էլիտան, որը մենք չունենք»:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ եթե վարչապետը իսկապես ցանկանում է մտածողության հեղափոխությունը կյանքի կոչել, ապա այնպիսի մրցակցություն պետք է ապահովի, որպեսզի առաջանա այդ էլիտան, որն էլ կփոխի մտածողությունը: Ինչպես նաև անհրաժեշտ է անցնել հարյուր տոկոսով համամասնական համակարգի: Մարտիրոսյանի կարծիքով՝ այժմ ամբողջ համակարգը քայքայման եզրին է: