Գաճաճների գյուղը` Իրանում (լուսանկարներ)
«BBC»-ն ներկայացնում է Ֆոտոբլոգեր Միխայիլ Տրիբոյի «Ճամփորդություն իրանական գյուղ» խորագիրը կրող ֆոտոշարքը, որտեղ արտացոլվում է գյուղի կյանքը՝ ավելի շատ միֆ կամ լեգենդ հիշեցնող:
Իրանի Հարավային Խորասան նահանգում, Աֆղանստանի հետ սահմանից 20 կմ հեռավորության վրա, միանման լեռների մեջ է գտնվում Մախունիկ գյուղը:
Գյուղում ամենուր փոքրիկ տներ են` նեղ դռներով: Տների արանքում սովորական մարդն իրեն Գուլիվեր է զգում: Սակայն պարզվում է, այստեղ ապրում են սովորական հասակ ունեցող մարդիկ` բարյացակամ ու հյուրասեր:
Մախունիկը հիմնադրվել է 1.5 հազար տարի առաջ, հայտնի է որպես գաճաճների գյուղ, քանի որ նախկինում այստեղ ապրել են գաճաճներ, որոնց հասակը չի գերազանցել 1 մետրը: Ըստ հետազոտողների, դա հնարավոր է դարձել մերձամուսնությունների, սննդի և ջրի պատճառով: Նրանք պարզել են, որ սնունդը հագեցած չի եղել սպիտակուցներով և վիտամիններով, իսկ ջրի մեջ սնդիկ են հայտնաբերել:
Այժմ գյուղում ապրում է մոտ 700 մարդ: Նրանք ապրում են հին ձևերով` կերոսինի լամպով և օջախներով տներում: Տները դեռևս ունեն նեոլիթյան ճարտարապետության տարրեր: Տների գույնն ունի պաշտպանական նշանակություն, քանի որ դրանք դժվար է նկատել սարերի ու լեռների մեջ:
Գյուղում կա դպրոց, մզկիթ, թանգարան: Տներում չկան հեռուստացույցներ, քանի որ մարդիկ այն սատանայություն են համարում: Երիտասարդները չեն լքում գյուղը և ասում, որ սիրում են իրենց հայրենիքը: