Լեզվաբանը՝ լեզվի պահպանման, խնդիրների, եթերում և մամուլում օգտագործվող սխալների մասին (տեսանյութ)
Այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը ներկայացրեց մի շարք մանրամասներ կապված հապավումների, կրկնաբանությունների, առոգանության և այլնի մասին, ինչպես նաև խոսեց հայոց լեզվի պահպանման, եթերում, մամուլում օգտագործվող սխալների մասին:
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ այս մասին բարձրաձայնվում, նշվում է, որ լեզվի պահպանությունը բոլորի խնդիրն է, սակայն, ամեն անգամ, սխալները շատանում են և՛ եթերում, և՛ մամուլում, և՛ ընդհանրապես:
«Մենք անհրաժեշտ ուշադրություն չենք դարձնում մեր գրավոր և բանավոր խոսքին: Նախքան բուն թեմային անդրադառնալը, կցանկանայի բոլորի ուշադրությանը հրավիրել ԶԼՄ բառին, որը բոլորս օգտագործում ենք, այսինքն՝ զանգվածային լրատվության միջոց: Այդպիսի տերմին, այդպիսի հապավում մենք չունենք: Մինչև 2002 թվականն օգտագործել ենք զանգվածային լրատվության միջոց, բայց 2002 թվականին Տերմինաբանական կոմիտեն, որը հիմա կոչվում է Հայերենի բարձրագույն խորհուրդ, որոշում են կայացրել ինֆորմացիա տերմինի հայրենացման շուրջ: Այսինքն՝ ինֆորմացիան տեղեկատվությունն է և ոչ թե լրատվությունը: Այսուհետ պետք է օգտագործենք զանգվածային տեղեկատվության միջոցներ»,- նշեց լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:
Ըստ նրա՝ ինչու պետք է մենք օգտագործենք օտար բառեր, եթե հայոց լեզվում մենք ունենք դրանց համարժեքները: Նման խնդիրները պետք է կանոնակարգվեն:
«Մարդիկ հաղորդում են պատրաստում, բայց դեռևս ծանոթ չեն լեզվի մասին օրենքի նրբությոններին, որ կարողանան հասկանալ՝ արդյո՞ք այսօր խառնածին լեզուն ընդունելի է, թե ոչ: Սահմանադրության մեջ ամրագրված է, որ մեր պետական լեզուն հայերենն է, բայց լրատվամիջոցների ղեկավարները պարտավոր չեն այդ բոլոր դրույթները իմանալ և կիրառել: Նրանց հետաքրքրում է իր նախասիրրությունների շրջանակում հեռուստադիտողների ցանկությունները հաշվի առնելը, և ով, ինչ հեռուստատեսային հաղորդումներ ցանկանում է, ապա կարող է ներկայացնել: Պետք է ասեմ, որ հիմնականում լրատվական ծրագրերում մենք նման խնդիրներ չունենք, սակայն, ոչ ոք ապահովագրված չէ վրիպակներից և դա միշտ կարող է լինել, բայց, երբ այդ սխալները կանոնակարգված, անընդհատ կրկնվում են, ապա հեռուստադիտողի մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ եթերից հնչող բառերը ճիշտ են»,-ասաց Լավրենտի Միրզոյանը:
Նրա պնդմամբ՝ եթերից հաճախ հնչող սխալներից են շեշտադրությունը, առոգանությունը, օտարաբանությունը, կրկնաբանությունը և այլն:
«Առոգանության հարցում բոլորի մոտ սխալներ լինում են: Հայերենում ընդունված է, որ վերջին վանկն է շեշտադրվում, բայց, ցավոք սրտի, այսօր հիմնականում բառերի մեծ մասի շեշտը դրվում է առաջին վանկի վրա: Օրինակ՝ ռադիո, բյուջե և նման շատ բառեր, որոնք մենք սխալ ենք օգտագործում կամ հաճախ լինում է, երբ մի բառը երկու անգամ է շեշտադրվում: Օրինակ՝ ֆիզիոթերապիա և նման խնդիրները, ցավոք սրտի, այսօր առկա են: Հաճախ մեր լրագրողներն իրենց խոսքն ավելի մատչելի դարձնելու համար ցանկանում են օտար բառեր օգտագործել և այդ թարգմանությունների կամ օտար բառերի պատճենումների ընթացքում գալիս են հիմնական սխալները: Այսինքն՝ մենք ուշադրություն չենք դարձնում, թե այդ օտար բառի հայերեն համարժեքը մեր լեզվում ունենք, թե ոչ, և երբ դրանք հաճախ օգտագործում ենք, մեր հայերեն բառերը դուրս են մղվում: Ինչո՞ւ եթերից պետք է հնչի բիզնես ծրագրեր, եթե ունենք հայերեն համարժեքը՝ գործարար ծրագրեր կամ օգտագործում են իմիջը բառը, եթե կա հայերեն տարբերակը՝ կերպար և այսպիսի շատ բառեր»,- նշեց Լավրենտի Միրզոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: