Դատարանը օրինական է ճանաչել «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի կալանավորումը
Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է համարել Զախարի Կալաշովի, ով առավել հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ, կալանքը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով դատարանի դահլիճում գտնվող իր թղթակցին:
«Մոսկվայի դատարանի որոշումը թողնել առանց փոփոխությունների, բողոքարկումը չբավարարել»,- հայտնել է դատավորը:
Կալաշովի փաստաբան Ալեքսանդր Գոֆշտեյնը բողոքարկել էր կալանավորումը՝ հավաստիացնելով, որ Շաքրո Մոլոդոյին կալանավորել են՝ ելնելով նրա՝ քննությունից թաքնվելու հնարավորության վրա: «Նրան կալանավորել են դեպքից կես տարի անց, այդ ընթացքում նա չի թաքնվել»,- նշել է պաշտպանը:
Բացի այդ, փաստաբանի խոսքով՝ Կալաշովը միջազգային հետախուզման մեջ է եղել, ինչը նույնիսկ ցանկության դեպքում սահմանափակում է ինչ-որ մեկից թաքնվելու հնարավորությունը Ռուսաստանի սահմաններից դուրս: «Ավելին, տուժածը չգիտի Կալաշովին և չի տեսել նրան»,- նշել է փաստաբանը՝ խոսելով «Elements» ռեստորանում տեղի ունեցած պատահարին «օրենքով գողի» մասնակցությունը փաստող ապացույցների բացակայության մասին: