Հայ ԶՈՒ զինծառայողները ԱՄՆ-ում մասնակցում են վերապատրաստության դասընթացի (լուսանկարներ)
ՀՀ ԶՈՒ 25 զինծառայողներից բաղկացած «Փյունիկ» խորհրդանշական անունը կրող դասակը ԱՄՆ Կանզաս նահանգում կմասնակցի սերժանտական վերապատրաստության դասընթացին: Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ-ից:
Դասընթացի առաջին երկու փուլերն անցկացվել են Հայաստանում: Երրորդ` ավարտական փուլի ընթացքում՝ Կանզասի Ազգային Գվարդիայի հրահանգիչների կողմից անցկացվող երկշաբաթյա վերապատրաստության դասընթացի շրջանակում, հայ զինծառայողները կամրապնդեն սերժանտական պարտականությունների իմացության, փոքր ստորաբաժանումների ղեկավարման, սերժանտ-սպա հարաբերությունների վերաբերյալ իրենց գիտելիքները: «Փյունիկ» խորհրդանշական դասակի կազմում ընդգրկված զինծառայողները կծանոթանան նաև ԱՄՆ զինված ուժերի սերժանտների պատրաստության ծրագրերին:
«Փյունիկ» դասակում ընգրկված են ՀՀ ԶՈՒ արհեստավարժ և բարձր առաջադիմություն ցուցաբերած սերժանտները, որոնց մասնագիտական հմտությունները և կարողությունները Երևանում անցկացված դասընթացի ընթացքում գնահատել են նաև Կանզասի Ազգային Գվարդիայի հրահանգիչները: