Վաղուց է, որ մեզանում զգացվում է մի կարգին «Հայոց պատմության» կարիքը. Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Հայոց պատմություն»: Վաղուց է, որ մեզանում զգացվում է մի կարգին «Հայոց պատմության» կարիքը։ Վաղուց է, որ նշանավոր դեպքերն իրար ետևից գալիս են ու աղաղակում, թե հայ ժողովուրդը չունի և չգիտե իր պատմությունը, նույնիսկ երեկ մեկել օրվա պատմությունը, չգիտի, թե ով է ինքը, որտեղից է գալիս և ուր գնում։ Հոգեկան ու մտավոր կուրության մեջ այս տեսակ ժողովուրդը անուղեցույց խարխափում է։ Նա, ինչպես անգիտակից մի խալխ, միշտ ենթակա «է» այս կամ այն պատին ու պատահարին զարկվելու փորձանքին։ Եվ փորձանքներն էլ դաս ու խրատ չեն լինելու նրա համար, մինչև որ այդ փորձերի ու փորձանքների պատմությունը չունենա աչքի առաջ ու մտքի մեջ, մինչև որ չհասկանա նրանց իմաստն ու փիլիսոփայությունը։ Եվ եթե սխալի ու փորձանքի մեջ ընկնի և պատասխանի կանչվի այս տեսակ ժողովրդի մարդը, վերջիվերջո, նա մի արդարացում կունենա միայն, որ ինքը չի հասկանում իր արածն ու իրեն։ Չի հասկանում ինքը, չի հասկանում և նա, ով պետք է պաշտպանի, չի հասկանում և նա, ով պետք է դատի։
Մի՞թե սրանից ավելի ողբալի դրության մեջ կարող է հայտնվել մարդ արարածն աշխարհում։ Եվ զարմանալու ի՞նչ կա, որ նա հաճախ կարող է դատապարտվել ու կորչել և անմեղ։
.....
Մի «Հայոց պատմություն»։ Մի «Հայոց պատմություն» պետք է տալ այս ժողովրդին, որ նրան դատողը դատելիս կարողանա ծանոթանալ ու այնպես դատել, որ նրան պաշտպանողը պաշտպանելիս առաջ քաշի այդ պատմությունը և այնպես պաշտպանի, որ նա ինքը, պատասխանի կանչվելիս, բաց անի այդ պատմությունն ու այնտեղից հանի իր պատասխանը, որ ուրիշներն էլ ճանաչեն նրան, ինքն էլ ճանաչի իրեն։
Մի «Հայոց պատմություն»։
Հովհաննես Թումանյան
Հոդվածներ»: