Ռուսաստանն ԱՄՆ-ին մեղադրում է Սիրիայի խաղաղ բնակիչների մահվան մեջ
Սիրայում վերջին մի քանի շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի ավիահարվածների զոհ են դարձել երկրի տասնյակ խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Եվգենի Զագայնովը: Նա նաև նշել է, որ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ռուս դիվանագետը նշել է, որ երկրագնդի տարբեր տարածաշրջաններում բազմաթիվ զինված կոնֆլիկտների ընթացքում ոչնչանում են հիվանդանոցներ, դպրոցներ, քաղաքացիական ենթակառուցվածքների այլ օբյեկտներ: Այս ամենը երեխաների համար լուրջ հետևանքներ է ունենալու: Այն դեպքերը, երբ երեխաները դառնում են մտադրված հարձակման թիրախ, կարելի է ժամանակակից բարբարոսություն համարել:
Սիրիայի ԱԳՆ-ից ստացված տեղեկություններով՝ Սիրիայի բնակավայրերից մեկում մահացել է 45 խաղաղ բնակիչ, ևս 50-ը՝ վիրավորվել: Հուլիսի 19-ին միջազգային կոալիցիայի ավիացիայի հարվածների հետևանքով մահացել է 300, վիրավորվել՝ 100 մարդ: